Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը կկանգնեն անհնարին ընտրության առջև. Եղիշե Կիրակոսյան
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին դիմելով՝ խնդրեց հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն 50 օր շրջափկված Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարումը։ Այս պահանջը հայկական կողմը 4 օր առաջ հրատապ կարգով է ավելացրել իր դիմումում։
«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել», - հայտարարել է Կիրակոսյանը՝ շարունակելով. - «Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և, որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսված Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը հենց սկզբից նշեց՝ թեթև սրտով չենք եկել և հույս ունեինք, որ խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին։
Ավելի քան մեկ ամիս առաջ մեկ այլ միջազգային ատյան՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Բայց Ադրբեջանը անտեսել է ոչ միայն Ստրասբուրգի դատարանի, այլ նաև այլ հեղինակային կառույցների, առանձին երկրների՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջը։
«Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: այլոք նման ճակատագրի արժանանալու վտանգի առջև են։ Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա… մանկապարտեզները, դպրոցներւ փակ են, երեխաները 50 օր բաժանված են ընտանքիներից», - նշել է Հայաստանի ներկայացուցիչը։
Հումանիտար աղետի ողջ ծավալը ներկայացնելով՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ շրջափակումը, գազի և հոսանքի մատակարարման խափանումներն արվում են հատուկ. - «Մի քանի օր առաջ ինչպես ասաց Ալիևը, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ճանապարհը բաց է, ոչ ոք նրանց չի կանգնեցնի, նրանք կարող են գնալ խաղաղապահների հովհանու ներքո կամ ավտոբուսով։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մտնել, բայց կարող են դուսր գալ Ղարաբաղից։ Հարգելի դատավորներ, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»։
Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում: Հայաստանի օգտին հանդես եկող միջազգային բանագնացների խոսքում կարմիր թելի պես պտտվում էր հենց այս միտքը։ Վերջիններս իրենց ելույթներում շեշտում էին, որ եթե դատարանը արագ քայլեր չձեռարկի, ապա Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքը կշարունակվի մնալ վտանգված։
Ադրբեջանը իր հակափաստարկները կներկայացնի ավելի ուշ։