Փոփոխությունների դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նախապատրաստված. Ն. Փաշինյան
ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հարցեր ուղղեց նրան: Պատգամավոր նկատեց, որ ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությանը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ընթացքում կարծիքը փոխվել է:
Ի պատասխան պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քննարկումների ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես պետք է շարունակել բարեփոխումները բանակում և Զինված ուժերում: Կային գաղափարներ, և կշարունակենք այդ գաղափարները քննարկել, վերլուծել ու այդ գաղափարների ռացիոնալ հատվածին լուծումներ տալ: Էլի եմ ասում՝ իրողությունների հետ պետք է հաշվի նստել, բոլոր ոլորտներում մենք ցնցումային ճանապարհով փոփոխություններ չենք կարող անել, գնալու ենք կառուցողական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացում մի շարք քննադատություններ է լսել գործող համակարգի հետ կապված, բայց արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է մանրամասն քննարկեն և զգուշ լինեն լուծումներ տալուց առաջ:
«Պետք է այնպես գործենք, որ հոնքը սարքելու տեղն աչքը չհանենք: Կան իրողություններ, որոնք պետք է փոխվեն ու կփոխվեն: Փոփոխությունները դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նախապատրաստված, մտածված ու պլանավորված, քանի որ փորձը ցույց է տվել, որ ինչքան հապճեպ են փոփոխությունները, այդքան բերում են հարակից խնդիրներ»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս պատասխանը չգոհացրեց Միհրան Հակոբյանին, ավելին՝ նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։ «Երբ ՀՀ 3-րդ նախագահն ասում է, որ պետք է իրողությունների հետ հաշվի նստել, Դուք ասում էիք՝ ստախոս է: Հիմա Ձեր՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները ո՞նց եք որակում, նույն կերպ չի՞ ստացվում»,- ասաց Հակոբյանը:
Փաշինյանն էլ հակադարձեց, որ եթե ինքը հերքեր, որ 2013թ.-ին դեմ է քվեարկել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը, ապա Հակոբյանի ասածը տրամաբանական կլիներ: Նա շեշտեց՝ կան քննադատություններ, որոնց հետ պետական ու քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն: