Քոչարյանի պաշտպանական կողմը պատրաստվում է նրան գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն ներկայացնել
Քոչարյանի փաստաբանները դեռ դեկտեմբերի 26-ին կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրել, որը մինչ այժմ չի քննվել։
Պաշտոնաթող նախագահի պաշտպանները նաև պատրաստվում են հերթական՝ երրորդ բողոքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արամ Օրբելյանը չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։
«Վերջնական որոշումը, ծավալը նաև որոշակիորեն կախված կլինեն այս գործընթացից, այսինքն՝ այսօրվա որոշումից և ոչ ավելի պակաս՝ որոշման մեջ արտացոլված դիրքորոշումներից, որովհետև զուտ որոշումից չի կախված, այլ դատարանի պատճառաբանումներից և հիմնավորումներից», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Օրբելյանը։ - «Դեռևս չենք դիմել, մենք այս պահին արդեն ունենք երկու բողոք, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի ազատության իրավունքի խախտմանը և արդար դատաքննության՝ ի դեմս անմեղության կանխավարկածի խախտմանը»։
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: