«Գործին ուղիղ առնչություն չունեցող դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել կոնկրետ բացատրություններ». ՌԴ ԱԳՆ-ն՝ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու Ադրբեջանի հայտարարության մասին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, որում վերջիններս արձագանքել էին հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու ու դրա հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի դատապարտող կոչին:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել ադրբեջանցի գործընկերների արձագանքի՝ դիվանագիտական էթիկայի նորմերն ակնհայտորեն խախտող բնույթի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմանք է հայտնել խնդիրը «չուռճացնելու» ադրբեջանական կողմի հորդորի առնչությամբ՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում:
«Նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է: ՌԴ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը ՌԴ նախագահի ղեկավարությամբ իրականացվող մեր արտաքին քաղաքականության անխոս առաջնահերթություններից է», - նշված է տարածված հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ից, մասնավորապես, հիշեցրել են 2018 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմի վետերան հանդիսացող հայազգի ՌԴ քաղաքացու մուտքն Ադրբեջան մերժելու, ինչպես նաև 2017-ի փետրվարին իր 4 տարեկան երեխայի հետ ՌԴ քաղաքացուհի կնոջը ժամեր շարունակ օդանավակայանում իրավապահների հսկողության տակ պահելու դեպքերը, որոնք ադրբեջանական կողմն անվանել է «մասնավոր դեպքեր»:
«Գործին ուղիղ առնչություն չունեցող դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություններ ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ կախված ադրբեջանական կողմի հետագա արձագանքից՝ կորոշեն իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել էր, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում: Նա ընդգծել է, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:
Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական էր որակել: