ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել հոգուտ քուրդ պատգամավորի
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը շահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ դատական գործը:
Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, այժմ Թուրքիան պետք է 2975 եվրո փոխհատուցում վճարի Բայդեմիրին՝ նրա խոսքի ազատությունը ոտնահարելու համար:
Դեռևս 2006 թվականին «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման 14 գրոհայինի մահվան առնչությամբ Բայդեմիրը քննադատական ելույթ էր ունեցել, որն ավելի ուշ թուրքական իշխանությունները համարել էին «ահաբեկչամետ քարոզչություն»:
Քուրդ պատգամավորը դատապարտվել էր երկու ամսվա ազատազրկման, ինչից խուսափել էր համապատասխան տուգանքի վճարման շնորհիվ:
Ավելի ուշ Բայդեմիրը դիմել է ՄԻԵԴ՝ նշելով, որ թուրքական դատարանն իր կայացրած վճռով խախտել է խոսքի ազատության իր իրավունքը: