Չեմ կարծում, թե Մոուրինյուն խնդիրներ ունենա նոր ակումբ փնտրելու հարցում. Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը կարծիք է հայտնել, որ «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին կհաջողվի նոր աշխատանք գտնել:
«Մոուրինյուի վերադա՞րձը: Ինչու ոչ: Նա հիանալի մասնագետ է: Հաշվի առնելով Մոուրինյուի նվաճումները՝ չեմ կարծում, թե նա խնդիրներ ունենա նոր ակումբ գտնելու հարցում»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Սուլշերը նաև խոսել է իր թիմի խաղի մասին.
«Բոլոր ֆուտբոլիստները և մարզիչները խաղերին պատրաստվում են միայն հաղթելու մտադրությամբ: Այսպիսինն է ակումբի փիլիսոփայությունը: Մենք 6 լավ հանդիպում ենք անցկացրել, սակայն միշտ ամենակարևոր խաղը հաջորդն է:
Բոլորն ասում էին, որ «Տոտենհեմի» հետ հանդիպումը մեզ համար բարդ փորձություն է լինելու: Ինքս այդպես չէի կարծում, որովհետև ֆուտբոլիստները, անկախ մրցակցի անունից, լուրջ են վերաբերվում խաղերին: Ես միայն ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ինքնավստահ լինեն»,- ասել է Սուլշերը: