Իշխանությունները թիվ մեկ մարտահրավերը հաղթահարել են, սկսվել է բարեփոխումների երկրորդ փուլը. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի կիսում ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն տեսակետը, որ այս իշխանությունները չեն կարողանում լուծել այն խնդիրները, որի համար սկիզբ էր առել շարժումը:
Նա չի բացառում, որ հաջորդ իշխանությունը, գուցե, «Իմ քայլը» դաշինքը չլինի. «Իհարկե, չեմ բացառում, որ դա լինենք նորից մենք կամ չլինենք մենք, բայց վաղաժամ է նման գնահատական տալը»,-ասաց նա:
Միրզոյանի խոսքով` ՀՀ-ում տարիներ շարունակ կար, նախևառաջ, արդարության և իրավունքների ու ազատությունների խնդիր։
«Իհարկե, նաև սոցիալական ու տնտեսական խնդիրներ կան և նույնիսկ, եթե այդ պրիզմայով նայենք, նորից հանգելու ենք իրավունքների խնդրի, ինչպես օրինակ` ձեռնարկատիրական և այլն: Այս խնդիրն էր, որ ի վերջո հնարավորություն դարձնեց հեղափոխությունը»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունն արդեն իսկ իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը լուծել է:
«Այս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և թիվ մեկ մարտահրավերը հաղթահարել են, այսինքն՝ ազատ և արդար արժանապատիվ Հայաստանը այլևս վաղուց իրականություն է, և սկսվել է բարեփոխումների երկրորդ փուլը, որը պետք է ապահովի տնտեսական, սոցիալական ոլորտը և նոր –նոր պետք է պետությունը ռեֆորմներ մշակի ու իրակացնի»,-ասաց նա: