Օզիլի տրանսֆերը՝ «Միլանի» տնօրենների կոնֆլիկտի պատճառ
«Միլանի» ղեկավարությունն «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերը ձեռք բերելու հարցում միանշանակ դիրքորոշում չունի:
Corriere dello Sport-ը հաղորդում է, որ Օզիլի տրանսֆերի պատճառով իտալական ակումբի տնօրենների շրջանում տարաձայնություն է առաջացել:
«Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին, ով այժմ զբաղեցնում է ակումբի մարտավարական զարգացման գծով տնօրենի պաշտոնը, բարձր է գնահատում Օզիլի փորձն ու կարգը: Մալդինին շատ է ցանկանում «Միլանում» տեսնել 30-ամյա կիսապաշտպանին:
Հակառակ դիրքորոշում ունի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը, ով ամռանն է «Արսենալից» տեղափոխվել «Միլան»: Գազիդիսը վստահ է, որ Օզիլը «Միլանին» պետք չէ, և ակումբը պետք է կենտրոնանա ավելի երիտասարդ ֆուտբոլիստների գնելու վրա:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արսենալը» Մեսութ Օզիլի ծառայություններն առաջարկել է «Յուվենտուսին» և «Ինտերին»: Բացի այդ, Օզիլի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: