Մեծ Բրիտանիայում կինն ավելի քան երկու շաբաթ չի իմացել իր կերակրափողում մնացած հաբերի փաթեթի մասին
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի բնակչուհին երկու շաբաթից ավելի չի իմացել, որ իր կոկորդում ցավազրկող հաբերի պլաստիկ փաթեթ կա:
Ինչպես գրում է BMJ Case Reports ամսագիրը, կինը դիմել է հիվանդանոց ու գանգատվել, որ օտար մարմնի առկայություն է զգում կոկորդում: Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ նա ցավազրկող է խմել գիշերը:
Հետազոտությունից հետո բժիշկները եկել են եզրակացության, որ կինը դեղահաբն ընդունելու ժամանակ «քերծել» է կոկորդը: Նրան խորհուրդ են տվել կրկին դիմել իրենց, եթե ևս երկու օրից ախտանշանները շարունակեն անհանգստացնել:
Երեք օր անց բրիտանուհին նույն գանգատներով կրկին հիվանդանոց է գնացել և այս անգամ երկու օր անցկացրել այնտեղ: Հինգ օր անց նրան կրկնակի հետազոտության են ենթարկել: Հետաքրքրական է, որ ռենտգենը որևէ կասկածելի բան չի հայտնաբերել:
Ի վերջո, կնոջն ուղարկել են ստամոքսադիտման, և այս անգամ մասնագետները նրա կերակրափողում հաբերով լի պլաստիկ փաթեթ են հայտնաբերել: Պարզվում է՝ կինը պատահաբար կուլ է տվել այն: Փաթեթը բրիտանուհու օրգանիզմում է մնացել 17 օր: