Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ, գրավի միջնորդությունը մերժվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ մերժելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: