Բենքսիի՝ ավտոտնակի երկու պատին պատկերած նոր գրաֆիտին վաճառվել է վեցանիշ գումարով
Բրիտանացի հանրահայտ նկարիչ Բենքսիի գրաֆիտին, որը սթրիթ արտի վարպետը պատկերել էր Ուելսի Պորտ Տոլբոտ քաղաքի ավտոտնակներից մեկի վրա, վաճառվել է «վեցանիշ» գումարով:
Ինչպես գրում է Guardian-ը, ավտոտնակի սեփականատեր Իեն Լյուիսը գրաֆիտին վաճառել է Բենքսիի ստեղծագործությունների հարցով փորձագետ Ջոն Բրանդլերին: Բրանդլերը հայտարարել է, որ գրաֆիտին առնվազն երկու տարի կմնա Պորտ Տոլբոտում, սակայն կարող է տեղափոխվել քաղաքի կենտրոն: Նրա խոսքով՝ ավտոտնակի տերը մերժել է ավելի մեծ գումարով այլ առաջարկներ, որպեսզի արվեստի գործը մնա քաղաքում:
Գրաֆիտիի պահպանության համար շուրջօրյա հերթապահություն է իրականացվում: Դրա պատկերով արդեն նաև հուշանվերներ են ստեղծվել:
Հիշեցնենք, որ Բենքսին նոր գրաֆիտին ստեղծել է դեկտեմբերի 19-ին՝ այն պատկերելով ավտոտնակի երկու պատի վրա: Պատերից մեկի վրա երեխա է պատկերված, որը, մի կողմ թողնելով սահնակը, գլուխը բարձրացնելով ուրախանում է ընկնող ձյան փաթիլներին: Իսկ մյուս պատին այրվող աղբաման է պատկերված, որից դուրս եկող մոխիրը թափվում է տղայի վրա:
Ինչպես նշվում է, արվեստի գործը քաղաքական համատեքստ ունի: Անցյալ տարվա հուլիսին այդ շրջանում բազմաթիվ տներ, մեքենաներ և կենդանիներ պատվել էին շինարարական գործարաններից արտանետվող մոխրով: Հենց դա էլ փորձել է մատնանշել նկարիչը: