Անհասկանալի են հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները․ Արա Հակոբյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին (տեսանյութ)
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Արա Հակոբյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունները լավատեսական համարելը վաղ է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում հայտարարության մեջ նշված «խաղաղությանը նախապատրաստվելու» գործընթացը, և ինչ է նշանակում հայտարարություններից հետո հայկական կողմի լռությունը և ադրբեջանական կողմի ոգևորիչ դրսևորումները։
«Հասկանալի չէ՞՝ մենք հիմա բանակցու՞մ ենք Ադրբեջանի հետ, թե՞ չենք բանակցում, որովհետև ժամանակին ասվել է, որ մենք բանակցություններ չենք վարելու, այլ նախապատրաստելու ենք իրավիճակ, որ Արցախը լինի բանակցային կողմ, մենք բանակցելու ենք միայն Հայաստանի անունից, և Արցախն է բանակցելու միայն իր անունից: Հիմա հարց է առաջանում՝ ու՞մ անունից ենք բանակցում, ու՞մ համար ենք խաղաղություն նախապատրաստում, դա արդյո՞ք Արցախին չի վերաբերում, եթե վերաբերում է, ապա ու՞ր է Արցախը: Այսինքն՝ դեռ վաղ է ասել, որ հայտարարությունները հուսադրող են»,- ասաց նա:
Արա Հակոբյանի խոսքով՝ անորոշություն են ստեղծում նաև Զոհրաբ Մնացականյանի և Էլդար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարության մեջ եղած ձևակերպումները, որ կողմերի միջև եղած հանդիպման ընթացքում եղել է մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում:
«Ադրբեջանի հայտարարություններն անընդհատ այն մասին են, որ իրենք շարունակում են բանակցությունները հայկական կողմի հետ հին օրակարգով, այսինքն՝ Ալիևը հայտարարություն արեց, որ հայկական կողմը փորձեց Արցախը վերադարձնել բանակցային սեղան, սակայն դա չստացվեց, և ստիպված եկավ բանակցելու: Դա է՞ փոխըմբռնումը․ դա փոխըմբռնում չէ․ դա ադրբեջանական ճնշման արդյունք է, որտեղ հայկական կողմը տեղի է տվել: Եթե մենք վերադարձել ենք նորից «Մադրիդյան» սկզբունքներին, ապա դա փոխըմբռնում չէ գոնե մեր տեսակետից»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: