Սովորական դատական գործընթաց է, դրա հետ կապված դարակազմիկ եզրակացությունները ծիծաղելի են․ Փաշինյանը՝ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին (տեսանյութ)
Սովորական դատական գործընթաց է։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի գործով Մարդու Եվրոպական դատարանի որոշմանը և ներկայացնելով վիճակագրություն ժողովրդավարական երկրներում նման խնդրով վճիռների քանակների մասին:
«Մեր կառավարությունը շատ հստակ պայման է դրել և՛ դատարանների, և՛ քննչական մարմիների առջև, որ նրանք պետք է գործեն օրինական, անկախ: Սրանք պարզապես դատական վեճեր են, և քաղաքական դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ծիծաղելի են: Դրանք ուղղակի սովորական մանիպուլյացիա են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։ Ըստ այդ հաղորդագրության՝ հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել,մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ Կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով»,-հայտնում էին Մայրապետյանի փաստաբանները: