Ավստրալիան հունվար ամսին տառապում է շոգից. որոշ վայրերում ճանապարհները սկսել են հալչել
Ավստրալիայում վեց օր շարունակ օդի ջերմաստիճանը բարձր է 40 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի: Ինչպես հաղորդում է CNN-ը, հունվարի 12-17-ն ընկած օրերն ընդգրկվել են Ավստրալիայի 10 ամենաշոգ օրերի ցանկում, որը կազմել է երկրի օդերևութաբանության բյուրոն:
Նշվում է, որ ուրբաթ կարող է ռեկորդային ջերմաստիճան գրանցվել: Երկրի հյուսիսարևմտյան Մարբլ Բար քաղաքում կիրակի գրանցվել է 49.1 աստիճան ջերմություն՝ ըստ Ցելսիուսի, որը տարածաշրջանում ռեկորդային ցուցանիշ է հունվար ամսվա համար:
Չորեքշաբթի Նոր Հարավային Ուելս նահանգում 14 ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել և 8 ռեկորդ հունվար ամսվա մակարդակով: Եղանակն այնքան շոգ է նահանգում, որ ասֆալտե ճանապարհները սկսում են հալչել:
Հարավային Ավստրալիա, Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում անցյալ շաբաթվա ընթացքում 48.9 աստիճան ջերմություն է գրանցվել, մի շարք այլ նահանգներում ջերմաստիճանը կրկին բարձր է 45 աստիճանից: