Եթե մենք դատավորին, քննիչին պաշտպանում ենք, ապա հավասարապես փաստաբանը պետք է պաշտպանված լինի. փաստաբան
Խնդիրը պետք է գնահատենք արդարադատության շահի տեսանկյունից, արդարադատություն իրականացնելիս փաստաբանը նույնպես համարվում է կողմ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սեդրակ Ասատրյանը` անդրադառնալով առաջարկվող նախագծին, որով նախատեսվում է` հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով.պատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
«Եթե մենք դատավորին, քննիչին պաշտպանում ենք, ապա հավասարապես փաստաբանը պետք է պաշտպանված լինի, այդ առումով կարծում եմ, որ լիովին արդարացված է այս նախագիծը, այլ հարց է, թե դա ամբողջապես պաշտպանում է փաստաբանին, կամ արդարադատությունը: Ես այդ խնդիրը երկու մասի կբաժանեի` մեկը` բարոյական, մյուսը` իրավական»,-ասաց նա:
Սեդրակ Ասատրյանը նշեց, որ թեև այս նախագծով իրավական հարցը կլուծվի, սակայն բարոյական տեսանկյունից միայն այս նախագծով հարցը չի կարգավորվի: «Խնդիրն այն է, որ շղթայական ռեակցիայով գնում է դատավորների, արադարադատության նկատմամբ ճնշում, որովհետև եթե փաստաբանի մեքենայի վրա փողոցում թքում են, պատկերացրեք դրա լույսի ներքո դատավորը խորհրդակցական սենյակում պետք է վճիռ կայացնի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ մի դեպքն է եղել, արժե՞ ընդհանրացնել և նման օրենք ընդունել, փաստաբանն ասաց, որ էլի են եղել դեպքեր և իրավագիտակցության խնդիր կա: «Պետք է հավասարության նշան դնենք ամենուրեք, որովհետև արդարադատությունը նաև մրցակցային է, պետք է հնարավորություն տանք փաստաբանին անկաշկանդ աշխատելու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք չի՞ սահմանափակվի խոսքի ազատությունը, նա ասաց, որ հեռու է այն մտահոգությունից, որ ամեն մի խոսք կարող է քրեականացվել: «Այնպես չէ, որ ամեն բառը պետք է դիտարկվի վիրավորանք»,-ասաց նա: