ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը գազի տարանցման գնի ձևավորման հարցը կքննարկեն փետրվարի 1-ին
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերը փետրվարի մեկին կքննարկեն անդամ երկրների տարածքով գազի տարանցման գնի ձևավորման մոտեցումները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Մեզ անհրաժեշտ է կոնսենսուսային մոտեցում մշակել: Այդ հարցը վարչապետերի մակարդակով կքննարկվի փետրվարի 1-ին», - ասել է Սարգսյանը:
Նա մասնավորեցրել է, որ գազի տարանցիկ մատակարարման գնի ձևավորման մոտեցումների հարցն ուրբաթ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ տարբեր մոտեցումներ կան, և այժմ պետք է կոնսենսուս գտնել: Մոտեցումներից մեկն այն է, որ գազի տարանցման գինն ընդհանուր պետք է լինի բոլոր երկրների համար: Այն չպետք է բարձր լինի այն գներից, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնությունում:
Մյուս մոտեցումը, ըստ Սարգսյանի, այն է, որ գազի տարանցման արժեքի որոշման մեթոդը բերում են վերազգային մակարդակի: Երրորդ մոտեցման համաձայն՝ երկրների ազգային կառավարությունները ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն լիազորություն ունեն որոշելու տարանցման գինը երկրի ներսում: