Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի ճանաչման համար ԴՆԹ անալիզ կպահանջվի
Մեքսիկայի Իդալգո նահանգում տեղի ունեցած գազատարի պայթյունի հետևանքով զոհերի ինքնությունը պարզելու նպատակով կանցկացվի գենետիկական փորձաքննությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Milenio թերթը, հայտարարել է երկրի ՆԳՆ փոխնախարար Խուան Լուիս Լոմելին:
Նրա խոսքով` ԴՆԹ-ի անալիզ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ զոհերի մարմիններն այն աստիճանի են այրված, որ հնարավոր չէ ճանաչել նրանց ինքնությունը: Լոմելին խնդրել է զոհերի հարազատներին աջակցել իրենց այդ հարցում:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստացել է, որ իշխանությունները հետևողական են լինելու միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 76 մարդ վիրավոր է: Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է որպես ծանր և ծայրահեղ ծանր: Վիրավորներից 7-ը անչափահասներ են: