Միջերկրական ծովում 170 ներգաղթյալ է անհետ կորել է
Միջերկրական ծովում Լիբիայի և Մարոկոյի ափերից մեկնած երկու նավի խորտակման հետևանքով 170 ներգաղթյալ անհետ կորել է, հայտնում է The Guardian-ը:
Հայտնի է, որ Լիբիայից ուղևորությունը սկսած նավում եղել է 120 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Խորտակվող նավը նկատել է իտալական ռազմական ուղղաթիռը, որը, սակայն, վառելիքի սակավության պատճառով ստիպված է եղել ցամաք վերադառնալ:
Նշվում է, որ հաջողվել է փրկել միայն երեք ներգաղթյալի, որոնց պատմելով՝ ծովում 10-11 ժամ անցկացնելուց հետո նավը սկսել է խորտակվել:
Իտալական կողմի փոխանցմամբ՝ իրենք այդ մասին տեղեկացրել են Լիբիայի իշխանություններին, սակայն ուղևորներին փրկելու համար չափազանց ուշ է եղել:
Մինչդեռ Մարոկոյի ափը լքած նավում եղել է 53 մարդ, որոնցից միայն մեկին է հաջողվել է փրկվել:
ՄԱԿ-ից հայտնել են, որ դեռևս հնարավոր չէ հաստատել, որ 170 ներգաղթյալը խորտակվել է, ուստի՝ նրանց անհետ կորած են համարում:
Հիշեցնենք, որ Իտալիան 2018թ. կեսից իր նավահանգիստները փակել է ներգաղթյալներին տեղափոխող նավերի համար:
Հայտնի է, որ 2019թ. առաջին 16 օրվա ընթացքում ծովով Եվրոպա է ժամանել 4449 ներգաղթյալ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 2964 էր:
Նախորդ տարի Միջերկրական ծովում խեղդվել է 2297 ներգաղթյալ, մինչդեռ 116 959-ին հաջողվել է Հին աշխարհամաս հասնել: