ԵՄ-ի՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքն այսօր գոյություն չունի, մենք իմիտացիայով չենք ժողովրդավարություն կառուցում. Հովհաննես Իգիթյան
Հայաստանը ԵՄ-ի հետ որևէ խնդիր չունի, և Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված խնդիրների մասին մտահոգությունները նախկին իշխանությունների կողմից ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական հայտարարություններ են առանց փաստարկների:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ես այդ խնդիրները չեմ տեսնում, հակառակը՝ հանդիպում եմ տարբեր երկրների գործընկերների, դեսպանների, դիվանագիտական անձնակազմի հետ, նրանք բոլորը գոհ են ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից և հատկապես ընտրություններից, և, իհարկե, դա մեծ պլան կլինի մեր եվրոպական գործընկների հետ նոր հարաբերություններ ստեղծելու համար »,-ասաց նա:
Ըստ Իգիթյանի՝ համաձայնագրի վավերացման դանդաղեցման մասին հայտարարությունները կեղծ օրակարգ են: «Մեզ ներքաշում են կեղծ օրակարգի քննարկման, որովհետև ամեն երկիր ունի վավերացման իր գործընթացը, և դա կապված է տեխնիկական խնդիրների հետ, ընտրությունների և այլ երևույթների հետ, և կոնտեքստից հանված ձևով վերցնել ու մատնացույց անել մի երկիր՝ ասելով՝ ահա նայեք, նրանք առայժմ չեն վավերացրել, դեմագոգիա է»,-ասաց նա:
Նա օրինակ բերեց Հայաստանը, որտեղ միայն նոր է ձևավորվել խորհրդարան. «Ըստ էության, ապրիլից ՀՀ ԱԺ-ն չի աշխատում, որովհետև նախորդները զբաղված էին խորհրդարանում իրենց տեղը պահելով, հետագայում եղել են ընտրություններ, և հիմա էլ նոր ձևավորում են ԱԺ-ն: Ես չեմ բացառում, որ այս ընթացքում կարող էին վավերացնել որոշ համաձայնագրեր, բայց պատկերացրեք, որ մեր գործընկերներից որևէ մեկն ասեր, որ ահա, նայեք, 7 ամիս ՀՀ-ն որևէ համաձայնագիր չի վավերացնում, և որևէ մեկը դա ներկայացնի որպես դիվանագիտական, քաղաքական մոտեցում: Դա զուտ տեխնիկական հարց է, և ամեն մի խորհրդարան ունի նման տեխնիկական հարցեր»:
Պատգամավորը պնդեց, որ քաղաքական գործընկերային վիճակը անհամեմատ ավելի վստահելի է: «Այսօր ԵՄ-ն ՀՀ-ին նայում է որպես լուրջ գործընկերոջ, ոչ թե որպես մի երկիր, որը զբաղվել է միշտ իմիտացիոն գործընթացներով, իբր ժողովրդավարություն էինք կառուցում, իբր կոռուպցիայի դեմ էինք պայքարում, իբր մարդու իրավունքների համար էինք պայքարում, բայց իրականում Հայաստանը գնում էր դեպի հետ»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը պնդեց, որ տեղին չեն այն գնահատականները, թե ՀՀ-ն չի փոխել իր արտաքին քաղաքականությունը. «Հայաստանում տեղի է ունեցել արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն: ԵՄ-ի հետ մենք տանում ենք գործընկերոջ համար բնորոշ քաղաքականություն և տեսնում ենք, որ այն կասկածը, այն հեգնանքը մեր ԵՄ գործընկերներից, որ ունեցել ենք, այսօր չկա, այն նույնիսկ մի քիչ ոչ հավասար սկզբունքը ԵՄ-ի կողմից առաջ քաշված՝ «ավելին ավելիի դիմաց», այսօր գոյություն չունի»:
Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն ասում էր, որ դուք արեք ինչ-որ բան, ցույց տվեք, որ ձեզ մոտ մի քիչ գործընթաց կա, ցույց տվեք, որ ոչ թե իմիտացիայով եք ժողովրդավարություն կառուցում, այլ մի քիչ ավելի, և այդ դեպքում մենք մի քիչ ավելի գումար կտանք ձեզ դրա դիմաց, և խոսքը նաև ֆինանսական աջակցության մասին էր: «Այսօր Հայաստանն այնքան ավելին արեց, այսօր մեր ժողովուրդն իշխանություններից այնքան առաջ է անցել, որ ԵՄ-ն չի հասցնում մեր հետևից»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ այդքան շատ անելով ու ֆինանսական աջակցություն չստանալով՝ ավելի՞ ընդունելի է, Իգիթյանը հարկ համարեց ընդգծել, որ նաև այդ հարցում եղել է հայտարարություն Արևելյան գործընկերության աջակցության մասով, որ մի քանի հարյուր միլիոն Հայաստանին հատկացվում է: «Բայց մենք չպետք է հիմք ընդունենք, որ Հայաստանում ինչ-որ բան անում են գումար ստանալու համար, դա այդպես չէ, այլ հարց, որ մեր գործընկերները կարող են աջակցել, որ այն ճանապարհը, որ իրենք անցել են 200 տարվա ընթացքում, մենք հասցնենք մի քանի տարվա ընթացքում կատարել, և, իհարկե, ֆինանսական որոշ աջակցություն անհրաժեշտ է ինստիտուցիոնալ աշխատանքներ կատարելու համար, և դա կարվի, բայց ես դեմ եմ, որ ամեն անգամ այդ ձևով ներկայացվի, որ այսինչ առաջընթացն ունենք, իսկ ո՞ւր է այդ ֆինանսական աջակցությունը»,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ շատ հարեցում նույնիսկ այդ գումարի կարիքը չի լինում:
Հովհաննես Իգիթյանի ներկայացմամբ՝ նախկինում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացման համար բավականին օգնություն էին խնդրում՝ սկսած տեխնիկական և այլ միջոցների համար, բայց այս ընտրություններն առանց այդ գումարների արվեցին և շատ ավելի լավ, քան շատ այլ եվրոպական երկրներում:
Հարցին, թե ԵԱՏՄ-ի կողմից արդեն որոշակի լարվածության թուլացում նկատվո՞ւմ է, եթե օրինակ հաշվի առնենք այդ երկրներից եկող շնորհավորանքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակման կապակցությամբ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ շնորհավորանքները քաղաքական կատեգորիա պետք չէ համարել:
«Հիշո՞ւմ եք՝ երբ ընտրություններից հետո Պուտինը չշնորհավորեց, ես առաջին իսկ հնարավորության դեպքում ասացի, որ Ռուսաստանը չի շնորհավորում ընտրությունների ժողովրդավարական լինելը, և այն ժամանակ ասացի, որ առաջիններից, եթե ոչ առաջինը Նիկոլ Փաշինյանին նրա վարչապետ նշանակվելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո շնորհավորողը կլինի Վլադիմիր Պուտինը, և այդպես էլ եղավ, և որտե՞ղ են այն նախկին քաղաքական գործիչները, որոնք աղմուկ էին բարձրացնում չշնորհավորելու համար, հիմա ձայն չեն հանում»,-ասաց նա: