Չինաստանում ընկերությունն աշխատակիցներին ստիպել է ծնկաչոք սողալ փողոցով անարդյունավետ աշխատանքի համար (տեսանյութ)
Չինաստանում քննադատությունների է ենթարկվել Շանդուն նահանգում գործող ընկերություններից մեկը, որն իր աշխատակիցներին ստիպել է չորեքթաթ անցնել փողոցի երկայնքով՝ որպես պատիժ վաճառքի նպատակակետին չհասնելու համար:
Ինչպես գրում է Oddity central-ը, ստորացուցիչ «երթը» տեղի է ունեցել Ցզաոչժուան քաղաքում հունվարի 14-ին: Կատարվածը տեսագրել են ցնցված անցորդները, որոնք արտասովոր միջադեպի ականատեսն են դարձել:
Ընկերության վեց աշխատակից ծնկաչոք սողալով հետևել է տղամարդուն, որն ընկերության անունը պատկերող կարմիր դրոշը ձեռքին քայլում էր փողոցի երկայնքով:
Աշխատանքը կորցնելու վախից, հավանաբար, չորեքթաթ սողացող մարդկանց տանջանքներն ավարտվել են, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որն ահազանգ էր ստացել անցորդներից:
Չինական լրատվամիջոցները նշում են, որ տվյալ ընկերության աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են, և հետաքննություն է սկսվել միջադեպի առնչությամբ: