Նախքան Հայաստան գալս հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի. Ալեքս Մագայանեսը դարձավ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ
«Գանձասար-Կապանը» նոր ֆուտբոլիստ ունի:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը կապանյան թիմի հետ պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Ալեքս Մագայանեսը: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով: Մագայանեսի վերջին ակումբը եղել է պերուական «Ատլետիկո Գրաուն»։
Հավելենք, որ «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբի այս մրցաշրջանի առաջին հատվածն ավարտվել է 7-րդ տեղում՝ 22 միավորով:
«Գանձասար-Կապանի» հետ 1 տարվա պայմանագիր ստորագրելուց հետո թիմի նորեկը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը.
««Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը, որ կարող եմ ասել այն է, որ «Գանձասարում» կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների ընթացքում զգացվում է, որ տղաները ֆուտբոլային բարձր որակներով են օժտված, ֆիզիկապես էլ բավականին լավն են։
Նախքան Հայաստան գալս հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց հուսով եմ, որ հեշտությամբ կհարմարվեմ թիմին:
Գիտեմ, որ «Գանձասարից» հեռացել են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ առաջնության երկրորդ հատվածը լավ անցկացնենք։
Երկրպագուներին կասեմ, որ յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ 100 տոկոսով, պայքարելու եմ մինչև վերջ ի օգուտ «Գանձասար-Կապանի»»,- ասել է ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: