ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գլխամաս՝ և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրել է կոմիտեի ներկայիս աշխատանքները և նպատակները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի Հայկական Համագումարի» գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։