Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` չսպասելով 2020 թվականի ավարտին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եկեք մեր ուժերը փորձարկենք ընտրություններում: Եկեք անցկացնենք ընտրություններ, եկեք օրինականացնենք այն միակ կառույցը, որն այդպես էլ վերջին 5 տարիների ընթացքում օրինական չդարձավ: Եկեք ժամկետից շուտ անցկացնենք խորհրդարանական ընտրությունները»,- իր վերընտրման մեկ տարվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը հավելել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդական լուծումներով մարտահրավերները և որ ինքը պատրաստ է արտահերթ ընտրություններին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: