ԱՄՆ-ն Huawei-ին «սև ցուցակում» ներառելուց հետո ժամանակավորապես թույլ է տվել վերսկսել գործունեությունը
ԱՄՆ առևտրի նախարարության որոշմամբ՝ չինական Huawei ընկերությունը ժամանակավորապես կպահպանի երկրում ցանցի գործունեությունը և կշարունակի հաճախորդներին ծրագրային թարմացումներ ներկայացնել, գրում է РИА Новости-ն:
Որոշումը, սակայն, ուժի մեջ կմտնի միայն օգոստոսի 19-ից:
Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը հայտնել է, որ ձեռնարկված քայլը թույլ կտա օպերատորներին սահմանված ժամկետում կատարել այլ ընկերությունների նկատմամբ ունեցած աշխատանքային պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է ամերիկյան ընկերությունների համար «կտրուկ խնդիրներ» չստեղծելու նպատակով:
«Ժամանակավոր ընդհանուր արտոնագրով կթույլատրվեն գործունեության որոշ տեսակներ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող հաղորդակցման ցանցերի աշխատանքները շարունակելու և արդեն գոյություն ունեցող բջջային ծառայություններին օժանդակելու համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաներն օտարերկրյա լրտեսության վտանգի տակ են, ինչի առնչությամբ «ազգային արտակարգ դրություն» էր սահմանել:
Անցած աբաթ Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը Huawei-ն ընդգրկել էր «սև ցուցակում»՝ ընկերությանը զրկելով ամերիկյան արտադրողների տեխնոլոգիաները և մասերը գնելու հնարավորությունից, ինչպես նաև արգելելով առանց հատուկ արտոնագրի համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար համարվող Huawei ընկերությունը զրկվել է ամերիկյան Google-ի Android օպերացիոն համակարգն օգտագործելու հնարավորությունից, ինչը լուրջ հարված է տեխնոլոգիական բրենդին:
Huawei նոր սմարթֆոններն այլևս մատչում չեն ունենա դեպի Gmail, Google Maps և Google Play store հավելվածները: Արդեն օգտագործվող մոդելների օգտատերերը թեև կարողանում են օգտվել Google Play և մյուս հավելվածներից, սակայն ապագայում հնարավորություն չեն ունենա թարմացնել Android օպերացիոն համակարգն ու նոր տարբերակները ներբեռնել:
Google-ից մեկնաբանել են, որ իրենց քայլը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ընկերությունը «սև ցուցակում» ներառելու որոշմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Huawei-ն մեղադրել էր իր սարքերի միջոցով լրտեսելու համար: