«Արթիկ» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել դատապարտյալների միջև. փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն
Մայիսի 19–ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Տիգրան Տոնոյանը:
«Խցում տեղի է ունեցել վիճաբանություն, մեկը մյուսին մարմնական վնասվածքներ են պատճառել: Դատապարտյալներին տեղում բուժօգնություն են ցուցաբերվել, նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,- նշեց նա:
Տիգրան Տոնոյանի խոսքով՝ փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
News.am-ի տեղեկություններով՝ կալանավայրում փորձել են դանակահարել Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասով(ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) և դատապարտել էր 17 տարվա ազատազրկման։