ԱՄՆ-ում հայտնաբերվել է 26 տարի առաջ գողացված մեքենան
ԱՄՆ Միսուրի նահանգի ոստիկանությունը գոմերից մեկում հայտնաբերել է 26 տարի առաջ գողացված Ford Mustang GT մակնիշի՝ 1991թ.-ին արտադրված սպիտակ մեքենան: Այժմ նրանք փնտրում են դրա տիրոջը, որպեսզի փոխադրամիջոցը նրան հանձնեն, հաղորդում է Fox News-ը:
Մեքենայի տերը 26 տարվա հնության հայտարարության մեջ հիշատակվում է Ջոն Ռ. անունով: Հայտնի է, որ գողության ժամանակ մեքենայի արժեքը 17 000 դոլար է գնահատվել, սակայն այժմ այն շատ վատ վիճակում է: Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով՝ այն պիտանի է կենդանիների բնակության, բայց ոչ վարելու համար:
Ոստիկանության փոխանցմամբ՝ իրենք կասկածներ ունեն հավանական գողի վերաբերյալ, սակայն հանցանքից չափազանց շատ ժամանակ է անցել, ինչի պատճառով կարող է հնարավոր չլինել այսքան տարի անց նրա դեմ մեղադրանք առաջադրել:
Կապրալ Նեյթ Բրեդլիի խոսքով՝ գողը փոխել է մեքենայի պետհամարանիշը և ազատ շրջել դրանով, իսկ վերջին անգամ ավտոմեքենան տեխզննում է անցել 2007թ.-ին:
«Եթե նա նայում է այս ռեպորտաժը, հավանաբար, սառույցով թեյ է խմում ու մտածում, թե կարողացել է խույս տալ պատժից, բայց ես խոստանում եմ բռնել նրան»,- ասել է Բրեդլին: