Թրամփի նախկին փաստաբանը խոստովանել է, որ նախագահի և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ կեղծ ցուցմունք է տվել Կոնգրեսի առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին փաստաբան Մայքլ Քոհենը հայտարարել է, որ նախագահի անձնական իրավաբաններից մեկը՝ Ջեյ Սեքյուլոուն, իրեն ԱՄՆ Կոնգրեսի առջև ստելու կարգադրություն է տվել, հաղորդում է CNN-ը:
Այս մասին ասվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովում տարվա սկզբին տեղի ունեցած լսումների 600 էջանոց սղագրության մեջ: Մայիսի 20-ին պալատի անդամները կողմ են քվեարկել սղագրությունը հրապարակելու մասին որոշմանը:
Քոհենի խոսքով՝ նա ստել է օրենսդիր մարմնին, երբ ավելի վաղ հայտնել է, թե Մոսկվայում Trump Tower բարձրահարկ շենքի կառուցման վերաբերյալ բանակցություններն ավարտվել են 2016թ.-ի հունվարի 31-ին: Նա պարզաբանել է, որ իրականում բանակցություններն ավարտվել են նույն տարվա հունիսին, իսկ ինքը ստիպված է եղել ստել, քանի որ ճշմարտությունը կարող էր վնասել այդ ժամանակ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին:
Կոնգրեսականների այն հարցին, թե ով է Քոհենին նման հրաման տվել, նա ասել է՝ Ջեյ Սեքյուսոուն: Վերջինիս իրավաբաններ Ջեյն Ռասկինը և Պատրիկ Սթրոուբրիջը քննադատել են Քոհենի հայտարարությունը, որը, նրանց կարծիքով, հակասում է տրամաբանությանը և առողջ բանականությանը:
ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանը մի շարք այլ մանրամասներ է բացահայտել Մոսկվայում շենքի կառուցման՝ այդպես էլ չիրականացված ծրագրի մասին, որոնք, ըստ նրա, պետք է հիմք տան ենթադրելու 2016թ.-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության ճշմարիտ լինելու մասին:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերին Քոհենը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել մի շարք հանցանքների, այդ թվում՝ բանկային ոլորտում խարդախությունների, ամերիկյան ֆինանսական ընկերություններին կեղծ վկայություններ տրամադրելու և նախընտրական քարոզարշավի ֆինանսական օրենքները խախտելու համար: