Կանադացի լուսանկարիչն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է «սառցաբեկորների ծառուղին» (լուսանկարներ)
Կանադացի լուսանկարիչ Մարք Գրեյը Նյուֆաունդլենդ կղզու Բոնավիստա հրվանդանից ֆիքսել է ուշագրավ կադրեր, որոնցում ներկայացված են Լաբրադոր ծովում լողացող սառցաբեկորների հսկայական կտորները, գրում է Daily Mail-ը:
Կադրերից մեկում երևում է հրվանդանի փարոսը, որը սառցաբեկորի համեմատ շատ փոքր չափսեր ունի: Լուսանկարիչը տեսախցիկի առաջ հայտնված սառցաբեկորների կտորներից շատերը ծանոթ առարկաների է նմանեցրել՝ աղցանի պնակի, կոնաձև պաղպաղակի, փղի ժանիքների:
Նկարներում պատկերված հատվածը, որը Լաբրադորի ափերից մինչև Նյուֆաունդլենդի հարավ-արևելյան ափերն է ձգվում, «սառցաբեկորների ծառուղի» է կոչվում, քանի որ ամեն տարի ուշ գարնանից մինչև վաղ ամառ այնտեղով սառցաբեկորներ են լողում:
Տարվա այս ժամանակահատվածում «ծառուղով» լողացող սառցաբեկորների քանակը 400-800-ն է լինում, սակայն 1984թ.-ին գրանցվել է ռեկորդային թիվ՝ 2000 սառցաբեկոր:
Հայտնի է, որ մինչև 45մ բարձրություն ունեցող սառցաբեկորների սառույցը ձևավորվել է 10 000-12 000 տարի առաջ՝ Գրենլանդիայի արևելյան սառցադաշտերում: