Ամուլսարի մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա 2-րդ կեսից ծրագիրը կշարունակվի. ԿԲ փոխնախագահ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ժամանակ հիմնական զեկուցող ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին հարցրեց, թե 2019–ի համար նախատեսվող տնտեսական աճի մեջ որքան մասնաբաժին ունի հանքարդյունաբերությունը։
«Կա՞ բավարար ինֆորմացիա, թե հանքարդյունաբերության ոլորտին առնչվող Թեղուտի հանքավայրի շահագործումն ինչ ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա։ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին մի քանի անգամ բարձր ամբիոնից հայտարարություններ եղել են»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե Ամուլսարի հանքում ի՞նչ իրավիճակ է, արդյոք շահագործվելո՞ւ է այն և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Ի պատասխան՝ Ներսես Երիցյանը նշեց, որ այս հարցերին ավելի մանրամասն ու սպառիչ պատասխան կարող է տալ Կառավարությունը, իսկ ինքը պարզապես կարող է ներկայացնել ԿԲ գնահատականները և միայն այնքան տեղեկություն, որքան իրենք տիրապետում են որպես ԿԲ։
«Թեղուտի մասին որևէ գնահատական չենք տվել այս հաղորդման մեջ։ Սա նշանակում է, որ եթե աշխատի, ապա դրական շոկի պոտենցիալ է։ Թվերը, որոնք ես քիչ առաջ հրապարակեցի, Թեղուտը չէր ներառում։ Ամուլսարի մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի, բայց դա մեր գնահատականն է: Այդ տեսակետից որոշակի գնահատականներ կան արդյունաբերության մասով», - ասաց Երիցյանը: