Ամերիկուհին երիկամը նվիրաբերել է իր 1-ամյա դստերը փրկած տղամարդուն (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգի բնակիչ Բեկա Բանդին իր երիկամներից մեկը նվիրաբերել է 2 տարի առաջ դստերը փրկած տղամարդուն, հաղորդում է CNN-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կամավոր փրկարար 66-ամյա Բիլ Քոքսի մոտ, որը 6 տարի աշխատել Bearville փրկարարական ծառայությունում, երիկամի անբավարարություն է առաջացել՝ լուրջ սպառնալիք ներկայացնելով կյանքին. տղամարդը ծնվել է միայն մեկ երիկամով:
Քոքսը երիկամի դոնորի հայտարարություն է տվել, որին արձագանքել է Բանդին՝ այն երեխայի մայրը, որին 2016թ.-ի օգոստոսին Քոքսը կաթվածից հետո մինչև շտապօգնության ժամանումն առաջին օգնություն է ցուցաբերել:
«Երբ իմացա դոնորի անհրաժեշտության մասին, մտածեցի, որ դա շնորհակալությունս հայտնելու կատարյալ առիթ է»,- ասել է կինը:
Թեստի արդյունքում պարզվել է, որ նրանց արյան խմբերը համապատասխանում են, և փետրվարին իրականացվել է օրգանի փոխպատվաստումը:
Վիրահատությունից 3 ամիս անց Քոքսը վերադարձել է իր բնականոն կյանքին: Հաղորդվում է, որ նրանց ընտանիքներն այժմ շատ են մտերմացել, իսկ նախկին փրկարարը, որ թոռնիկներ չունի, հաճախ է գնում Բեկայի դուստրերի սպորտային մրցումները դիտելու: