«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի, ԱԺ-ում կստեղծվեն 2 քննիչ հանձնաժողովներ. Լիլիթ Մակունց
Որոշում է կայացվել, և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի՝ ջրօգտագործման հետ կապված և 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում ավելի քան 3 ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նաև նշեց, որ որոշում է կայցվել վեթինգի մասին նախագիծ մշակել հնարավորինս սեղմ ժամկետներում:
«Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:
Նշենք, որ երեկ՝ իր կոչով դատարաններն արգելափակելու ընթացքում հրավիրված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու ժամանակը: Այդ համատեքստում նա կարևորեց դատավորներին վեթինգի ենթարկելու անհրաժեշտությունը:
Վեթինգը ֆիզիկական անձանց ամբողջականության գնահատման գործընթացների շարք է, որպեսզի որոշվի նրանց նպատակահարմարությունը հանրային աշխատանքների համար: Վեթինգ՝ նշանակում է պարզել տվյալ անձի՝ քաղաքացիական ծառայությունում իր պաշտոնին համապատասխանության աստիճանը, սակայն շեշտը դրվում է ոչ թե նրա բժշկական կամ մասնագիտական համապատասխանությանն, այլ բարոյական նկարագրի վրա: