Վրաստանը մտադիր է ամբողջությամբ փոխարինել խորհրդային սպառազինումը ՆԱՏՕ-ին համարժեք զինտեխնիկայով
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է շարունակել սպառազինության ձեռքբերումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, որը պետք է փոխարինի խորհրդային սպառազինմանը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Լևան Իզորիան Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատանն անցկացված տոնական ընդունելության ժամանակ՝ նվիրված երկրի անկախության վերականգնման 28-ամյակին:
«Մեր նպատակն է ամբողջությամբ անցնել այնպիսի սպառազինման, որը համատեղելի է ՆԱՏՕ-ի հետ և հրաժեշտ տալ խորհրդային ժառանգությանը: Մեր գնումների ռազմավարությունը նախատեսում է օդային պաշտպանության, հրետանային, հետախուզական համակարգերի ձեռքբերում», - ասել է վրաց նախարարը՝ չմասնավորեցնելով, թե ինչ տեսակի զենք է ներկա պահին մտադիր գնել Վրաստանը:
2018-ին Վրաստանը ԱՄՆ-ից գնել է Javelin տեսակի 410 հակատանկային հրթիռային համալիրներ և 72 այլ սարքավորումներ: Գործարքի արժեքը կազմել է 75 մլն դոլար: