Զինթոշակառուն ՊՆ-ից խնդրում է աշխատանք, տուն, բենզին է լցրել վրան. ՊՆ-ից պատասխանում են՝ շատ են օգնել, թեպետ նման պարտավորություն չեն ունեցել (տեսանյութ)
Զինթոշակառու Մխիթար Ալումյանն արդեն 4-րդ օրն է՝ Պաշտպանության նախարարության մոտ երեխաների հետ բողոքի ակցիա է իրականացնում, այսօր երեխաներին տուն է ուղարկել, խղճացել է: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ նոյեմբեր ամսից գնում-գալիս է ՊՆ, սակայն արձագանք չկա:
Նա ասաց, որ կինն ու երկու երեխան Գերմանիայում են գտնվում, բուժվում են: «5 երեխա ունեմ: Երկուսը կնոջս հետ Գերմանիայում են, հաշմանդամ են, բուժվում են դեռ 4 տարի առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ»,- ասաց նա և հավելեց, որ մեկ տարի առաջ է գնացել թոշակի:
«Մինչև թոշակի անցնելս ամեն ինչ նորմալ էր, պահում էի երեխաներիս: Ծառայության ժամանակ հիվանդություններ եմ ձեռք բերել: Նախարարությանն ընդամենը խնդրում եմ, որ աշխատանքով աջակցի, ֆինանսապես աջակցեն և տան համար եմ խնդրում: Ես միշտ դիրքերում եմ եղել, երբեք չեմ կարողացել գունդ գնալ, միշտ գնացել եմ դիրքեր, չեմ հերթագրվել տուն ստանալու համար, խնդրել եմ՝ այդ թղթերը վերանայեն, հերթագրեն, որովհետև ունեմ 5 երեխա, տուն չունեմ»,- ասաց նա և մեկ անգամ ևս շեշտեց, որ իր խնդրանքն է նախարարից, Նիկոլ Փաշինյանից, կառավարությունից, որ զինվորական թոշակառուներին մի քիչ լավ նայեն:
«Լավ նայեն այն առումով, որ եթե մարդուն ծառայեցրել են, մարդն իր պարտքը տվել է, պետությունն էլ գոնե մի թեթև ուշադրություն դարձնի»,- նշեց զինթոշակառուն:
Նա ուրբաթ օրը, երբ սկսել է ակցիան, դիմել է ծայրահեղ միջոցի: «Ճիշտն ասած՝ գժվեցի ուրբաթ օրը, բենզին լցրեցի վրաս, մինչև գիշերվա 11-ը բենզինը մնաց վրաս, ամբողջ մարմինս վառվել էր: Այդ օրն ինձ ասացին՝ գնա տուն, երկուշաբթի օրը կգաս, ու ամբողջ հարցերդ լուծվում են: Գնացինք տուն, երկուշաբթի եկա, որ պետք է օգնեն, մտածում էի՝ երեխեքին կտանեմ, վերջին զանգի համար հագուստ կվերցնեմ, էն էլ եկանք քար լռություն, ոչ ընդունելություն, ոչ զանգ, ոչ պատասխան»,- նշեց նա:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին է տրամադրել փաստաթղթեր, թե ՊՆ-ն որքան և երբ է օգնել զինթոշակառու Մխիթար Ալումյանին:
ՊՆ խոսնակը շեշտեց, որ օրենքով այս ամենի պարտավորությունը միշտ չէ, որ ՊՆ-ն ունի:
Ինչ վերաբերում է Մխիթար Ալումյանին աշխատանքի տեղավորելու նրա խնդրանքին, Հովհաննիսյանն ասաց. «Մենք չենք կարող նախկին բոլոր զինծառայողներին գործի ընդունել»:
Մանրամասները՝ տեսանյութում: