«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներն ազատ արձակվեցին ոստիկանությունից (թարմացված, տեսանյութ)
21:53
Քիչ առաջ նաև մյուս բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին:
Գրիգոր Մինասյանը ևս ազատության մեջ է, ազատ արձակվեց նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց. «Ոմն մարդ, ում մայրիկը կասկածելի կենսագրություն ունի, զանգել և հաղորդել է, որ մենք ահաբեկել ենք ու հասարակական կարգ ենք խախտել, դա այն պարագայում, որը հերքվում է Օպերայի անձնակազմի կողմից:
Մեր այսօրվա ձեռքբերումն այն էր, որ Սվիտալսկին ստիպված էր պատի տակ հարցազրույց տալ և ոչ թե իրենց տրիբունայում: Եվ եթե պարզվի, որ այդ ահազանգողի մայրը կապ ունի Սվիտալսկիի հետ, ինքն այսուհետ միայն պատի տակ է կարողանալու հարցազրույց տալ»:
Այսպիսով՝ «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր անդամներն ազատ արձակվեցին ոստիկանությունից:
21:45
«Ադեկվադ» ՀԿ-ի երկու անդամներ ազատ արձակվեցին ոստիկանությունից՝ Ազատ Ադամյանն ու Արթուր Դանիելյանը:
Ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո Արթուր Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ նախ ոստիկաններն ասել են, որ իրենք ինչ-որ կարգ են խախտել, այնուհետև ասել են, որ փաստացի հաղորդում կա, որ իրենք ինչ-որ մեկին ահաբեկել են.
«Այդ հաղորդման հիման վրա, ըստ էության, մենք մեղադրվում ենք ահաբեկչության մեջ: Ես մոտավորապես կասկածում եմ, որ այդ օտարերկրացիները կարող են կապ ունենալ ԵՄ գրասենյակի հետ, սակայն դեռ նյութերին չեմ ծանոթացել, վստահ չեմ կարող ասել:
Մեր նպատակն առաջին հերթին դասական երաժշտություն վայելելն էր, երկրորդը՝ ուզում էինք մի քանի հարց ուղղել այդ օրը մամուլի ասուլիս տալու նպատակով Օպերա եկած ԵՄ գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Եվրոպայի օրը մենք ուզում էինք իր գնահատականը լսել վերջին մեկ տարում ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ, ցավոք Սվիտալսկին չներկայացավ ասուլիսի,ն և մեզ ձերբակալեցին:
Կա նաև հաղորդւոմ քաղաքացի Արթուր Իսպիրյանից, ես գիտեմ, որ մամուլում նա սկզբից հայտարարեց, որ մենք քաշքշել ենք իրեն, հետո ասաց, որ չենք հայհոյել, այդ գործի շրջանակներում հրաժարվել եմ մեկնաբանություն տալ»:
21:02
Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում:
ՀԿ անդամներից Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր, որ նրանց բերման ենթարկելու պատճառները դեռ հստակ չեն: «Երևի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելն է պատճառը»,- ասել էր նա և հավելել, որ գնացել էին ընդամենը մասնակցելու մի համերգի, որին ներկա էր լինելու նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սամսոնյանը նշել էր՝ համոզված է՝ գործընկերներին բերման են ենթարկել Սվիտալսկու անմիջական հրամանով: