Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին․ Սվիտալսկի
«Ես կարծում եմ, որ արդարադատության համակարգի խորը և համապարփակ բարեփոխումը կենսական նշանակություն ունի ձեր ապագայի համար: Անցած տարիներին Եվրամիությունը ֆինանսավորել է անկախ հետազոտություններ, որոնք ցույց են տվել՝ մեծ թվով հայաստանցներ չեն վստահում իրենց դատարաններին: Այսօր հրապարակել ենք ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին զեկույցը, որտեղ, հղում կատարելով այլ ինստիտուտների, նշվում է՝ Հայաստանը այս առումով խնդիրներ ունի: Դուք բարեփոխումների կարիք ունեք հանրային վստահությունը վերականգնելու համար», - հայտարարեց դեսպանը՝ շարունակելով․ ֊ «Այս բարեփոխումները պետք է կատարվեն սահմանադրությունը, Հայաստանի միջազգային՝ այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունները հարգելով»:
Հաստատելով Եվրամիության պաշտոնական տեսակետը՝ Սվիտալսկին ասաց՝ պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել այդ բարեփոխումների իրականացման համար․ - «Ես այսօր կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը պաշտոնապես պատրաստ է աջակցել դատական համակարգի խորը և համապարփակ բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական, ֆինանսական աջակցություն: Ես փակագծեր բացեմ՝ խոսքը առարկայական ֆինանսական աջակցության մասին է։ Վարչապետի երեկվա հայտարարությունը մենք ընկալում ենք որպես շատ ուժեղ հանձնառություն, մենք ոչինչ չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ նրանք կարող են մեր օգնության վրա հույս դնել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու 5 քայլ ներկայացրեց, որոնց թվում՝ դատավորների վեթինգը: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում դատարաններին, Եվրամիության դեսպանը, հղում անելով նույն զեկույցին, պատասխանեց՝ պատճառները շատ են․ - «Դատարաններին չվստահելու երկու հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան էր նախկինում և մյուսը` քաղաքական կախվածությունը»:
ԵՄ դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ արդարադատության բարեփոխումների քաղաքականության մշակման երկխոսություն են սկսել, և խրախուսում ենք կառավարությանը բարեփոխումների մշակումն իրականանցնել՝ հիմնվելով քաղհասարակության, արդարադատության ինստիտուտների, իրավագետների, բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա: ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի քաղաքացիներին իրենց կյանքն ավելի լավը դարձնելու գործում։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին Եվրամիության զեկույցն է հրապարակվել, որտեղ ասված է. - «Հայաստանն ավելացրել է Եվրամիության հետ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում»: