Յոզեֆ Բլատերը մտադիր է դատի տալ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ դատական հայտ կներկայացնի՝ ընդդեմ կազմակերպության ու դրա գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Բլատերը մտադիր է վիճարկել տեղեկությունն այն մասին, որ 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո ինքը 12 մլն շվեյցարական ֆրանկի (€10,6 մլն) չափով բոնուս է ստացել:
«Չորեքշաբթի ես կհանդիպեմ իմ փաստաբանների հետ, որպեսզի ներկայացնեմ հայցն ընդդեմ Ջանի Ինֆանտինոյի և ՖԻՖԱ-ի, որը մինչև ամսվա վերջ դատարան կներկայացվի Ցյուրիխում», - ասել է 83-ամյա Բլատերը:
Բլատերը մտադիր է փոխհատուցում ստանալ բարոյական վնասի համար, որը նրան հասցվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկության հրապարակման արդյունքում: Նա նշել է, որ իր խիղճը մաքուր է, քանի որ իր գործողությունները հաստատվել են ֆինանսական հանձնաժողովի կողմից:
Նշվում է, որ հունիսի 5-ին կայանալու է ՖԻՖԱ-ի համաժողովը, որում կառույցի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն: Ինֆանտինոն ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է:
Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականի մայիսի 29-ը, որից հետո ընտրվել է 5-րդ ժամկետով, սակայն պաշտոնից հեռացել է ֆեդերացիայի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալի պատճառով: