Կառավարությունից պնդում են՝ Արցախի պատվիրակությունը վերջին տարիներին չի մասնակցել Հանրապետության տոնին, արցախցի պատգամավորը վստահեցնում է՝ ինքը 2 անգամ մասնակցել է
Պետական պատվիրակության կազմում երկու անգամ առիթ եմ ունեցել մասնակցել մայիսի 28-ի տոնակատարություններին, մեկ անգամ 2018 թվականին՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին, մյուսը կամ 2016-ին էր, կամ 2017-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
«Երբ պատգամավոր չէի, ես ինքս բազմիցս մասնակցել եմ հոգու կանչով, բայց որպես պատգամավոր պետական պատվիրակության կազմում, արդեն նշեցի, երկու անգամ մասնակցել եմ»,- ասաց նա:
Tert.am-ը ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից փորձեց ճշտել, թե արդյոք նախկինում պետական մակարդակով Արցախը հրավիրվել է մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումներին:
«Նախկինի հետ կապված չեմ կարող ասել, բայց վերջին տարիներին Արցախի ղեկավարները, ներկա չեն գտնվել Սարդարապատի միջոցառումներին, բացառությամբ անցած տարվա՝ 100-ամյակի միջոցառումների»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Tert.am-ի դիտարկմանը,որ Արցախից նշում են՝ պատվիրակության կազմում մասնակցել են տոնակատարություններին և առանց այդ հրավերի պարզապես չի կարող պատվիրակություն մասնակցել, նա պատասխանեց. «Կարող է, բայց վերջին տարիներին չեն մասնակցել: 2015, 2016, 2017 թվականներին չեն մասնակցել: Կադրերը նայեք ու կտեսնեք, որ Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը ներկա չեն Սարդարապատի միջոցառումներին»:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է հստակ ասել, հրավեր ուղարկվե՞լ է նախկինում, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել եղել է, թե՝ ոչ, բայց իրենց ներկա գտնվելու առումով կարող եք տեսնել, որ ներկա չեն գտնվել»:
Բացի այդ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այդ մասով մեկնաբանություն արդեն տվել է, և ինքն ավելացնելու բան չունի:
Նշենք, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնակատարություններին Արցախից պատվիրակություն չի մասնակցել, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր. «Արցախից Հայաստան գալու, որևէ միջոցառման մասնակցելու համար, հրավե՞ր է պետք: Ե՞րբ է եղել այդպես կարգը՝ 2015, 2016, 2014 թվականներին հարվե՞ր է եղել»: