Առաջիկա ժամերին Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն ձերբակալված քաղաքացիներին
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձերբակալված քաղաքացիների փոխանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա ժամերին: Այդ մասին Interfax-ին ասել է ուկրաինացի փաստաբան Վալենտին Ռիբինը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռիբինը չի բացահայտել այն ձևաչափը, որով տեղի է ունենալու փոխանակումը:
Փաստաբանն ասել է, որ Ուկրաինան հրաժարվում է արտահանձնել փոխանակման ցուցակում գտնվող ազգությամբ ռուս Ռուսլան Գաջիևին, որին չեն տեղափոխել փոխանակման կետ:
«Չենք հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու Ռուսլան Հաջիևը չի բերվում փոխանակման կետ»,- ասել է Ռիբինը: Ըստ նրա՝ ռուս բանտարկյալի անունը պետք է լիներ ներման ենթակա անձանց ցուցակում, քանի որ նրա համար ներկայացվել են բոլոր դատավարական ընթացակարգերը: Ռիբինը չի բացառել, որ Գաջիևին կարող են բերել փոխանակման կետ, «եթե Ռուսաստանն իր դժգոհությունն արտահայտի», դեռ մի քանի ժամ կա:
Փաստաբանը Գաջիևին արտահանձնելու մերժումը կապել է «Ուկրաինայի ներսում ընթացող քաղաքական խաղի» հետ: Նա կարծում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիին չեն ներկայացրել ներման ենթակա անձանց ամբողջական ցանկը:
Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ հրամանագիր էր ստորագրել ներում շնորհել Ռուսաստանի 12 քաղաքացիներին: Այդ ցանկում չի եղել Ռուսլան Գաջիևի անունը: Ըստ Ռիբինի՝ դա կարող է բարդացնել փոխանակման գործընթացը: