Այս փուլում Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը որոշակի քաղաքական ենթատեքստ ունի, որը մտահոգիչ է և մտածելու տեղիք է տալիս. Դավիթ Իշխանյան (տեսանյութ)
Այն, որ Հայաստան-Արցախ Հարաբերություններում որոշակի լարվածություն էր ստեղծված, և դա դեռևս պահպանվում է, քննարկման նյութ չէ: Այդ մասին պաշտոնական տեսակետներ հնչել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ հարաբերություններում լարվածության լուծման լավագույն եղանակը կլինեն ընտրությունները:
Իշխանյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ. «Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են այդ հարաբերությունների կարգավորման լավագույն տարբերակ դիտարկվել, ընտրությունները զուտ ընտրություններ են: Ընտրությունները դիտարկել որպես այդ հարաբերությունների կարգավորող հիմնաքար, թերևս, պետք է այլ միջոցներ և այլ նախաձեռնություններ ունենալ դրա համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2 օր առաջ կայացած Փաշինյան-«Սասնա ծռեր» կուսակցության հանդիպմանը, ապա պատգամավորը շեշտեց, որ մտահոգություններ կան. «Դրանք ոչ թե զուտ Ժիրայր Սեֆիլյան կամ «Սասնա ծռերի» հետ ունեցած հանդիպումներն են, այլ ընտրված ձևաչափը. Հայաստանի վարչապետը պետք է բոլորի հետ ունենա բնականոն հարաբերություններ: Դրանք պետք է բխեն մեր ընդհանուր շահերից, այնուհանդերձ այս հանգրվանում և այս փուլում նման կարգի հանդիպումը և որոշակի հարցերի շրջանակին անդրադառնալն իր մեջ պարունակում է որոշակի քաղաքական ենթատեքստ, որը մտահոգություն է առաջացնում, որովհետև միանշանակ չէ «Սասնա ծռերի» նկատմամբ ձևավորված տեսակետները և նրանց գործունեության դաշտը, և արդեն կիրառվել է ընտրովի մեխանիզմը՝ քաղաքական նախընտրության հարցը, որը որոշակի մտածելու տեղիք է տալիս»:
Հարցին, թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այս հանդիպումը, պատգամավորն արձագանքեց, թե պետք է շահերի ընդհանուր տեսանկյունից անդրադառնալ հանդիպմանը՝ ընդգծելով, որ քննարկված հարցերի մասին մանրամասն քննարկում չի եղել: