Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցի 89 մասնակցի
Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները շաբաթ «դեղին բաճկոններ» շարժման 89 մասնակցի են ձերբակալել Փարիզում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հղում անելով ֆրանսիական աղբյուրին, մայրաքաղաքային ոստիկանության տվյալներով՝ ցույցին շուրջ 800 մարդ է մասնակցել:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մեկ այլ խոշոր քաղաքում՝ Մոնպելյեում: Ցույցերին այստեղ մասնակցել են շարժման շուրջ 3000 կողմնակիցներ: Օրվա ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել մի քանի անգամ արցունքաբեր գազ կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք ավերածություններ էին անում և քարեր նետում իրավապահների ուղղությամբ: Մի խումբ ցուցարարներ ոստիկանական մեքենա են այրել: Այստեղ ոստիկանները 7 մարդու են ձերբակալել:
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ռուանում: Ցույցեր են անցկացվել Բորդոյում, Թուլուզում, Լիլում, Ստրասբուրգում և Դիժոնում:
«Դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցերը շարունակվում են 2018-ի նոյեմբերի 17-ից: Նրանց նախնական բողոքի պատճառը ավտոմեքենաների վառելիքի գնի թանկացումն էր: Հենց այդ պատճառով էլ ցուցարարների բողոքի արտահայտման խորհրդանիշը դարձավ դեղին բաճկոնը, որը մեքենայում պահում են վարորդները: Մինչ օրս բողոքն ու պահանջներն ընդլայնվել են՝ անդրադառնալով քաղաքական և սոցիալ տնտեսական այլ հարցերի: