Չինաստանը մտադիր է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերել առևտրային բանակցություններին ընդառաջ. Politico
Չինաստանի ներկայացուցիչները խաղաղության առաջարկ են արել ԱՄՆ առևտրային հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ ցանկություն հայտնելով գնելու սահմանափակ քանակությամբ ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը՝ հղում անելով զրույցի մանրամասներին քաջատեղյակ երկու աղբյուրի:
Աղբյուրների հաղորդմամբ՝ այս առաջարկը կարող է պայմանավորված լինել Huawei ընկերության նկատմամբ սահմանափակումների մեղմացմամբ և հոկտեմբերի մեկին նախատեսված 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման հետաձգմամբ:
Նրանց կարծիքով՝ բանակցությունների ընթացքից կախված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել հավելյալ մաքսատուրքերի սահմանումը, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին:
Խոշոր ընկերությունների ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ փորձել են համոզել Թրամփին հրաժարվել դեկտեմբերյան մաքսատուրքերից, քանի որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ սպառողների վրա:
Ինչպես ակնկալվում է, սեպտեմբերի կեսերին Վաշինգտոնի և Պեկինի ներկայացուցիչները կքննարկեն դեկտեմբերի սկզբին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման նախապատրաստումը:
Սեպտեմբերի 1-ին արդեն ուժի մեջ են մտել ամերիկյան հերթական մաքսատուրքերը, որոնք սահմանվել են, ընդհանուր առմամբ, 300 մլրդ դոլարի չինական ապրանքների նկատմամբ: Մաքսատուրքերը մեծացել են 15 տոկոսով: