Մանչինին մեկնաբանել է Բոնուչիի ու Կարապետյանի միջև դրվագը
Armsport-ը գրում է.
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղի դրվագը` Լեոնարդո Բոնուչիի ու Ալեքսանդր Կարապետյանի միջև: Առաջին խաղակեսի վերջնամասում Կարապետյանը հեռացվել էր խաղադաշտից` Բոնուչիի հետ բախման պատճառով:
«Չեմ խոսել Բոնուչիի հետ ու ժամանակ չունեի ուսումնասիրելու այդ իրավիճակը, քանի որ ավելի կարևոր գործեր ունեի: Չգիտեմ՝ կա՞ր արդյոք խախտում այդ դրվագում, և ինչ է տեսել մրցավարը: Եթե նա արեց այն, ինչ չպետք է աներ, նա պետք է ավելի զգույշ լինի, քանի որ թիմի ավագն է: Անկեղծ ասած՝ ես կնախընտրեի, որ թիմերը խաղային 11-ը 11-ի դեմ: Մենք ավելի շատ տարածություն կունենայինք, քանի որ Հայաստանը չէր փակվի պաշտպանությունում», - Մանչինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ Իտալիայի հավաքականի: Մեր ընտրանու կազմում միակ գոլը խփել է Ալեքսանդր Կարապետյանը: