Հրապարակվել են տեսանյութեր՝ ինչպես է Պուտինը Շոյգուի ուղեկցությամբ զբոսնել սիբիրյան տայգայում, սունկ հավաքել, լեռ բարձրացել (լուսանկարներ, տեսանյութեր)
Հրապարակվել են Տուվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող տեսանյութեր: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:
Երբ Շոյգուն հապալասի թուփը ձեռքին մոտեցել է նախագահին, վերջինս կատակել է՝ ասելով, որ նախարարն այն պետք է տնկի իր ամառանոցում, իսկ Շոյգուն պատասխանել է, որ այս բույսի համար այլ կլիմա է հարկավոր:
Երբ Շոյգուին հարցրել են, թե արդյոք հնարավոր է այնպես անել, որ Մոսկվայում էլ այսպիսի մաքուր օդ լինի, ինչպես տայգայում է, նախարարն ասել է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, իսկ Պուտինը, իր հերթին, պատասխանել է, որ պետք է ձգտել դրան:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՌԴ նախագահի 67-ամյակը: ՌԴ նախագահն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել էր սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը: