«Ժամանակն է դուրս գալ այս անվերջանալի պատերազմներից և Սիրիայից տուն վերադարձնել ամերիկացի զինծառայողներին». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է դուրս գալ այս անվերջանալի պատերազմներից և Սիրիայից տուն վերադարձնել ամերիկյան զորքին: Թրամփն այս մասին իր թվիթերյան էջում գրել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ մեկնաբանելով Սիրիայում ստեղծված իրավիճակը:
«Քրդերը կռվում էին մեզ հետ միասին, բայց դրա համար նրանք ստանում էին հսկայական գումարներ և տեխնիկա: Նրանք Թուրքիայի դեմ կռվել են տասնամյակներ... Եկել է ժամանակը դուրս գալու այս ծիծաղելի անվերջանալի պատերազմներից և վերադարձնել մեր զինվորներին տուն»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Նա հավելել է, որ Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը և քրդերն իրենք պետք է որոշեն, թե ինչ պետք է անեն «Իսլամական պետության» զինյալների հետ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս հանել իր զորքը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Թուրքիան մտադիր է անվտանգ գոտի ստեղծելու գործողություն անցկացնել: