Ուժային կառույցները պետք է աշխատեն անվտանգության ու իրավակարգի ապահովման նպատակով, ոչ թե քաղաքական հակառակորդների դեմ. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
Մեր տարածաշրջանը շատ լուրջ մարտահրավերների առջև է, դրանք սրվել են, և կարևոր է հասկանալ՝ որքանո՞վ ենք արդյունավետ դիմագրավում դրանք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը. «Նախկին ուժերը, ավելի երկար լինելով իշխանության մեջ, ավելի խորությամբ էին հասկանում մարտահրավերները, դրանց աղբյուրները, սակայն ոչ միշտ էր դրանց արդյունավետ կերպով դիմագրավում, ինչպես՝ Ապրիլյան պատերազմը»: Ըստ Չալաբյանի՝ մեր արտաքին հակառակորդները վաղուց մեր նկատմամբ հիբրիդային պատերազմ են մղում:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ կասկած չկա, որ նախորդ իշխանություններն ունեն ռևանշիստական նկրտումներ, և դա զարմանալի չէ: Խնդիրն այն է, թե որքանո՞վ մեր հասարակության տարբեր շերտերը, նախկին ու ներկա իշխանությունները և նոր ստեղծվող քաղաքական ուժերը կկարողանան վերադառնալ ավելի քաղաքակիրթ երկխոսության դաշտ. «Մենք չենք կարողանում նորմալ ընտրություններով իշխանություն ձևավորել, քանի որ մեր հասարակությունը մի ծայրահեղությունից մյուսն է գնում, տեսնում է կա՛մ հերոսների, կա՛մ հրեշների: Հրեշներն այդպիսին են դարձել, քանի որ մենք ենք թույլ տվել, դա մեր թողտվությունն է եղել»:
Չալաբյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվող հանրային արդյունքը պետք է հավասարաչափ բաշխվի բնակչության տարբեր շերտերի միջև՝ ծայրահեղ լարվածությունը և դրա արդյունքում ծնվող ատելությունը մեղմելու համար:
Ըստ քաղաքական գործչի՝ երկրի համար բացարձակ շահեկան չէ, որ ամբողջ քաղաքական երկխոսությունը տեղի է ունենում անցյալի շուրջ. «Պատրանք է, թե անցյալի բոլոր չարագործությունների ու սխալների հարցում արդարությունը հնարավոր է վերականգնել: Կարելի է փորձել ուղղել ապագան, անցյալը մեր ձեռքում չէ»:
Չալաբյանի կարծիքով՝ անհնար է համատարած բոլորին պատժել, քանի որ հարց է առաջանում՝ ո՞ւմ պատժել, ո՞ւմ թողնել. չէ՞ որ այդ համակարգի մեջ տասնյակ հազարավոր մարդիկ են ներգրավված եղել:
Ըստ քաղաքական գործչի՝ ուժային կառույցների տրամաբանության մեջ կարևոր է կայունությունն ու հստակությունը. «Նախորդ իշխանություններն ուժային կառույցներն օգտագործում էին իբրև քաղաքական գործիք: Բայց նոր իշխանություններն էլ են հիմա սկսում գնալ այդ ուղղությամբ: Ուժային կառույցները պետք է աշխատեն անվտանգության ու իրավակարգի ապահովման նպատակով, ոչ թե քաղաքական հակառակորդների դեմ»:
«Վարչապետի ու կառավարության մոտեցումն է՝ անընդհատ սլաքներն ուղղել ուրիշների վրա և խուսափել պատասխանատվությունից»,- ամփոփել է Ավետիք Չալաբյանը:
Դավիթ Սարգսյան