ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները վերականգնելու պատրաստականության մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունում կարծում են, որ առաջիկա շաբաթներին ԿԺԴՀ-ն կհստակեցնի իր որոշումը ապամիջուկայնացման շուրջ երկխոսության շարունակության մասին, և հայտնում են, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել բանակցությունները:
«Հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին Հյուսիսը (ԿԺԴՀ-Tert.am) որևէ որոշում կկայացնի այն մասին, թե ցանկանում է արդյոք շարունակել բանակցությունները: ԿԺԴՀ-ին լուսավոր ապագա է սպասում, եթե հավատարիմ մնա իր պարտավորվածություններին, ինչը հստակ հասկացրել է նախագահ Թրամփը… Մենք պատրաստ ենք վերադառնալու Ստոկհոլմ՝ շարունակելու բանակցությունները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցով համաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:
ԿԺԴՀ պատվիրակությունը՝ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպան Կիմ Մյոն Գիլի ղեկավարությամբ, և ԱՄՆ պատվիրակությունը՝ ԿԺԴՀ հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի գլխավորությամբ, շաբաթ պաշտոնական աշխատանքային բանակցություններ էին անցկացնում Ստոկհոլմում: Սակայն չսպասելով բանակցությունների ավարտին՝ հյուսիսկորեացիները հեռացել են հանդիպումից՝ հայտարարելով, որ բանակցությունների ապագայի հարցը կախված է ամերիկյան կողմի որոշումներից: