Եթե ուզում ես ինչ-որ բիզնես ոլորտում հաջողություն ունենաս, պետք է հետևես 3 կանոնի. Ռուբեն Մխիթարյանի մաստեր կլասը՝ ՇՊՀ-ում
Գյումրու Շիրակի Պետական Համալսարանում այսօր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ներկայացրել է մաստեր կլաս՝ «Մխիթարյան. ինչպես գոլ խփել մեդիա դաշտում» անվամբ:
Tert.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հիմնականում իր համեմատականները, պատմությունները վերաբերում էին մեդիա դաշտին և մեդիա դաշտի կոնտենտի ստեղծման երեք ամենակարևոր կանոններին` ով է ստեղծում, ինչ է ստեղծում և ում համար է ստեղծում:
«Ամենակարևորը, որ մաստեր կլասը ընթացքում վերածվում է դասընթացի, որը պատմում է ընդհանուր բիզնեսի կառավարման մասին, որը կիրառելի է ոչ միայն մեդիա դաշտում այլ ցանկացած գործարար ոլորտում: Եթե դու ուզում ես ինչ-որ բիզնես ոլորտում հաջողություն ունենաս, դու անպայման պետք է հետևես այդ երեք կանոններին»,-ասաց նա և նշեց, որ այդ կանոնները կիրառելի են բիզնեսի բոլոր ոլորտների համար:
«Այսպիսով՝ մաստեր կլասը դարձավ դասընթաց բիզնեսի կառավարման, հաջողության հասնելու ճանապարհի մասին, այն մասին, որ երազանքներն ունեն հետաքրքիր սովորություն. դրանք իրականանում են, եթե դու կարողանում ես երազանքը ճիշտ վերաձևակերպել ու դարձնել նպատակ, ընտրես համապատասխան ճանապարհ և գործիքակազմը ճիշտ կիրառելով հասնես քո իսկ նախանշած նպատակին»,-ասաց նա:
Շիրակի պետական համալսարանում այս հանդիպումը կազմակերպել էր համալսարանի ուսխորհուրդը: Դահլիճը լեփ-լեցուն էր, և ներկա էին ոչ միայն ՇՊՀ-ի, այլ նաև Տնտեսագիտական համալսարանի, Գյումրիի տարբեր քոլեջների ուսանողները:
«Յուրահատուկ հաճույք է տեսնել, որ երիտասարդ իմ համաքաղաքացիները շատ նպատակասլաց են և դրանով ոչ մի բանով չեն տարբերվում մեզանից, երբ մենք իրենց տարիքում էինք»,-ամփոփեց Մխիթարյանը: