Կանադայի վարչապետը մասնակցել է ռասիզմի դեմ ցույցին և մասնակիցների հետ ծնկի իջել՝ ի հիշատակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ ցույցին և մասնակիցների հետ ծնկի է իջել՝ ի հիշատակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, հաղորդում է The Guardian-ը։
Ցույցը տեղի է ունեցել Օտտավայի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ։ Որոշ ժամանակով պաշտպանիչ դիմակով ցույցի մասնակիցներին է միացել Թրյուդոն և մյուս ցուցարարների հետ ծնկի իջել՝ գլուխ խոնարհելով ի հիշատակ Ֆլոյդի։
Այնուհետև հազարավոր ցուցարարներ առանց վարչապետի, երթով շարժվել են քաղաքի փողոցներով։ Ինչպես հայտնում է Globe and Mail թերթը, ցույցերը խաղաղ են անցել․ ցուցարարները պարզել են «Ապառազմականացնել ոստիկանությունը», «Բարձրաձայնեք նրանց անունները» կարգախոսներով պաստառներ:
Նման ակցիա է տեղի ունեցել նաև Տորոնտոյում, որին, հրատարակության տվյալներով, մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանք նաև դուրս են եկել «Ձեռքերը վեր, մի՛ կրակեք», «Ռասիզմը նույնպես համավարակ է» պաստառներով:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: