Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում. 33 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիայի ավելի քան 40 հազար զինծառայող (լուսանկարներ)
ԱՄՆ 33 նահանգում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների կապակցությամբ մոբիլիզացվել է Ազգային գվարդիայի 41 500 զինծառայող: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում կա Ազգային գվարդիայի 5100 զինծառայող, ընդ որում նրանցից 3900-ը՝ այլ նահանգներից:
Ազգային գվարդիայի զինծառայողները տեղակայված են բոլոր նահանգներում, ներկայացնում են ԱՄՆ Զինված ուժերը, ենթարկվում են ԱՄՆ նախագահին և նահանգապետերին:
Ազգային գվարդիայի ընդհանուր թվաքանակը գերազանցում է 400 հազարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերին կրկին կոչ էր արել Ազգային գվարդիան օգտագործել ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարելու համար։
«Որոշ չափազանց հպարտ նահանգապետերի առաջարկում եմ հպարտությունը մի կողմ դնել և գործով զբաղվել։ Դուք շատ ավելի լավ կաշխատեք, եթե ներգրավեք Ազգային գվարդիային։ Զանգահարեք ինձ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: