Նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի հսկիչը ԱՄՆ-ից արտաքսվել է Գերմանիա
Գերմանիայի նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչ Ֆրիդրիխ Կառլա Բերգերը, որն ավելի քան 60 տարի ապրում էր ԱՄՆ-ում, նախօրեին արտաքսվել է Գերմանիա: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը:
Տղամարդը 95 տարեկան է: Անցյալ տարի ԱՄՆ դատարանը որոշում էր կայացրել արտաքսել Բերգերին այն բանից հետո, երբ գերմանական Ցելլե քաղաքում դատախազները հետաքննություն էին սկսել՝ պարզելու, արդյոք նա ներգրավված է եղել Համբուրգի մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբարում 1945 թվականին բանտարկյալների սպանությանը: Ըստ Welt- ի՝ Բերգերը իրեն մեղավոր է ճանաչել Նիդերլանդների սահմանային տարածքում մի քանի շաբաթ բանտարկյալներին հսկելու համար, բայց պնդել է, որ ինքը ականատես չի եղել համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների սպանություններին կամ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքին:
Գերմանիայի հետաքննությունը դադարեցվել էր անցած դեկտեմբերին, այն բանից հետո, երբ դատախազները չէին կարողացել վիճարկել նրա ցուցմունքները: Այնուամենայնիվ, ամերիկյան դատարանը հաստատել է, որ բանտարկյալները պահվում էին ծանր պայմաններում և օգտագործվում էին հարկադիր աշխատանքի համար «մինչև ուժասպառություն և մահ»: Դատարանը նշել է, որ Բերգերը խոստովանել է, որ ինքը հսկել է բանտարկյալներին ՝ կանխելու նրանց փախուստը անկանոն աշխատանքի ընթացքում, ինչպես նաև աշխատանքի և ճամբարի ճանապարհին:
Ցելեի դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Հեսսեն նահանգի ոստիկանությունը հարցաքննելու է համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչին, սակայն նրա նկատմամբ հետաքննություն չկա, նա ազատ է և չի կալանավորվի: